Երևանի առաջ քաշած տարածաշրջանի ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է լինել Թուրքիայի կողմից պաշտպանվող «Միջին միջանցքի» նախագծի մաս, երեկ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը»: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություներից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում: Եվ գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչամերուկը» կարող է լինել «Միջին միջանցքի» նախագծի մաս: Եվ ես այսօր հենց այդ թեմայով վստահաբար կխոսեմ նախագահ Էրդողանի հետ»- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Փաշինյանն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
«Միջին միջանցքը» 2013-ին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան: Երթուղին սկսվում է Հարավարևելյան Ասիայից ու Չինաստանից և անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում դեպի Եվրամիություն: