Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնում է Իրանի միջուկային օբյեկտներին «շատ հաջող» հարվածների մասին. ԱՄՆ-ը միանում է հակամարտությանը


Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը իրանական երեք միջուկային օբյեկտ է խոցել. այսպիսով ԱՄՆ-ը միանում է Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմի մտավախություններ առաջացնելով:

Խոսելով «տպավորիչ ռազմական հաջողության մասին»՝ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտներին՝ նպատակ ունենալով Իսրայելի հետ համատեղ վերացնել Իրանի միջուկային ծրագիրը այն բանից հետո, երբ դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան:

«Բոլորն էլ տարիներ շարունակ լսել են այս անունները, մինչ նրանք կառուցում էին այդ հրեշավոր կործանարար կառույցները», - ժողովորդին ուղղված ուղերձում ասել է Սպիտակ տան ղեկավարը. - «Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները և ավարտել այդ միջուկային սպառնալիքը՝ ահաբեկչությունը հովանավորող թիվ մեկ պետության կողմից»:

Թրամփը, որ դեռ երկու օր առաջ ասել էր, թե «երկու շաբաթում» կորոշի Իսրայելին միանալու հարցը, պնդում է, որ ամերիկյան հարվածները «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները:

«Իրանը՝ Մերձավոր Արևելքի բռնարարը, հիմա պետք է խաղաղության գնա: Եթե նրանք նորից չհարձակվեն, ամեն ինչ ավելի հեշտ կլինի», -ասել է Թրամփը՝ նշելով նաև, որ դեռ բազմաթիվ թիրախներ կան. - «Եթե շուտափույթ խաղաղություն չլինի, մենք ճշգրտությամբ ու հմտությամբ արագ այդ թիրախների ետևից կգնանք»:

Իսրայելի հանրային հեռարձակողի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ հարվածները հասցվել են Վաշինգտոնի հետ լիովին համակարգմամբ:

ԱՄՆ-ի խոցած երեք միջուկային օբյեկտները
ԱՄՆ-ի խոցած երեք միջուկային օբյեկտները

Ժամեր առաջ հաղորդումներ կային, որ Ամերիկյան գերգաղտնի B-2 ռմբակոծիչները, որ կրում են բունկերներ պայթեցնող 13500 կիլոգրամանոց ռումբեր, ԱՄՆ-ից դուրս են եկել և թռչում են Խաղաղ օվկիանոսի վրայով:

Ամերիկացի ու իսրայելցի պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, թե ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարող է հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին:

«Աճող վտանգ կա, որ այս կոնֆլիկտը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ կործանարար հետևանքներ ունենալով խաղաղ բնակիչների, տարածաշրջանի ու աշխարհի համար», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ «խորապես անհանգստացած է» այս հարվածների հետևանքով «վտանգավոր էսկալացիայից»:


«Ֆորդոն չկա»

Դոնալդ Թրամփը, կիսելով Open Source Intel-ի գրառումը X-ում, պնդել է, թե «Ֆորդոն այլևս չկա»:

Քոմ նահանգի խոսնակը հայտնել է, որ Ֆորդոյի մի մասը «թշնամու ավիահարվածների» տակ է եղել:

Իրանի պետական հեռուստաընկերությունը պնդել է, թե հարվածներից առաջ միջուկային նյութերը հեռացվել են բոլոր երեք օբյեկտներից:

Իրանի ատումային էներգայի գործակալությունը հաստատել է, որ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել «թշնամիների կողմից»:

Նշվում էր, որ հարձակումները «բարբարոսական էին ու խախտում են միջազգային իրավունքը, բայց թույլ չեն տա, որ «ազգային արդյունաբերությունը կանգնեցվի»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, թե Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի մասնակցությունը «շատ, շատ վտանգավոր կլինի բոլորի համար»:

Արաղչին ասել էր, թե Իրանը բաց է երկխոսության համար, բայց ցանկություն չունի բանակցելու ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածները:

Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Մասուդ Փեզեշքիանն ասել էր՝ Իրանը «պատրաստ է քննարկել ու համագործակցել՝ խաղաղ միջուկային գործունեության շուրջ վստահություն կառուցելու հարցում»:

«Այդուհանդերձ, մենք համաձայն չենք զրոյի հասցնել մեր միջուկային գործունեությունը ոչ մի պարագայում», - պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Իրանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG