Ընդդիմությունը հայտնում է զանգվածային ձերբակալությունների, ՆԳՆ-ն՝ կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին

Ընդդիմությունը հայտարարում է իր կողմնակիցների շրջանում զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների, Ներքին գործերի նախարարությունը՝ ձեռնարկված կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին։

Ձերբակալությունների լուրերից հետո իրավապահներն առանց հստակեցնելու հայտնեցին, թե ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ի դեպ, առավոտից մեծ թվով ոստիկաններ ուժեղացված հսկողություն են իրականացնում կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների հատվածում։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման», - նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ոստիկանների գործողությունների մասին սկզբում «Սրբազան պայքար» անունը ստացած շարժումն էր հայտարարել, հետո էլ ՀՅԴ-ն։ Ընդդիմությունը ձերբակալություններն ապօրինի է համարում։ ՀՅԴ-ից հայտնում են՝ ահազանգեր են ստացել Երևանի և մարզային կառույցներից։ Առայժմ, սակայն, հայտնի չէ ո՛չ ձերբակալվածների թիվը, ո՛չ էլ հստակ պատճառը։

«Որևէ հիմնավորում չի ներկայացվել», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը:

«Արդեն տևական ժամանակ՝ 2-3 ժամ տարբեր մարզերից ահազանգեր եմ ստանում, նաև «Սրբազան» շարժման կողմնակիցներից, որ անակնկալ տարբեր պատրվակներով քաղաքացիներ են հրավիրում կամ ոստիկանություն, կամ բերման են ենթարկում, որոշ տեղեր տեղեկություններ կան, որ խուզարկություններ են արվում տներում», - հավելեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիրների ձերբակալությունների հարցով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն «Ազատությանը» հայտնեց, որ ոստիկանություն տարված քաղաքացիներից ոմանք կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

«Ինչպես հաճախ է պատահել, ոստիկանությունը դա դարձրել է մարդկանց առնվազն 72 ժամով ազատությունից զրկելու անխափան միջոց, դա ապօրինի զենք-զինամթերքի «կասկածն է»: Մինչ այս եղած հարյուրավոր դեպքերում նման կերպ մարդիկ են պահել մինչև 72 ժամ, և որևէ դեպքում որևէ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերված չի եղել: Այս պարագայում մենք չենք կարող որևէ կերպ հավատալ ոստիկանական այս գործողությունների հիմքին», - ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ ահազանգերը, սակայն, չեն դադարում, ու գործընկերների հետ փորձում է տվյալներ հավաքել ու հասկանալ՝ ինչ հիմքերով են ընդդիմադիրները տարվել ոստիկանություն։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ձերբակալությունները կապում է վարչապետի Թուրքիա այցի հետ։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, չի հիմնավորում՝ ինչն է նման ենթադրության առիթ տվել։

Ընդդիմադիրների ձերբակալությունների մասին ահազանգերը հաջորդում են ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

Զրույցների մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.